Ժողովրդավարական երկրները պետք է ՀՀ կողքին լինեն. կանադացի սենատորի արձագանքն Ադրբեջանի գործողություններին

Ժողովրդավարական երկրները պետք է ՀՀ կողքին լինեն. կանադացի սենատորի արձագանքն Ադրբեջանի գործողություններին

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը վտանգավոր ու ագրեսիվ է որակել Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանին: Սենատորը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է, որ ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն:

«Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և ապօրինի ագրեսիվ գործողություն է, որն ընդգծում է չդադարող սպառնալիքը, որին շարունակում է առերեսվել Հայաստանի ժողովուրդը»,-նշել է սենատորը:  

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:

Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել:

Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում