Տնտեսության մի քանի ճյուղերի առաջ պարտավորությունների կատարմանը կառավարությունը կուղղի 904 մլն դրամ

Տնտեսության մի քանի ճյուղերի առաջ պարտավորությունների կատարմանը կառավարությունը կուղղի 904 մլն դրամ

ՀՀ կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեում, որով 904 մլն դրամ կուղղվի նախկինում ստանձնած պարտավորությունների կատարմանը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այդ գումարից 99 մլն դրամն ուղղվելու է նախորդ տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32 մլն դրամ հատկացվելու է տուրիստական ոլորտում ընդգրկված  տրանսպորտային ընկերությունների՝ հակաճգնաժամային 25-րդ միջոցառման ապահովման համար:

«165 մլն դրամ պետք է հատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը: Այս պահին արդեն 274 մլն դրամ փոխհատուցել ենք: Սա մոտ 4,4 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր էր: 114 մլն դրամ կուղղվի պատերազմական գործողություններին մարդկանց եւ զինծառայողների հետ կապված խնդիրների լուծմանը, և 543 մլն դրամ էլ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժումը, խնամքը ապահովելուն»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ սա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների պարտավորությունների կատարման ապահովման համար է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք կոնյակի սպիրտի այդ ծավալներն արդեն արտահանվել են ու հիմա տուրքի փոխհատուցում  է իրականացվում: Նախարարը դրական պատասխան տվեց: «Այո, սա նախորդ տարվա արտահանվածի տուրքի փոխհատուցումն է: Այս տարվա համար 900 մլն դրամ ենք հատկացրել, որը 9 մլն լիտր սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է: Սա նաև շղթայական էֆեկտ ունի մինչեւ խաղողագործություն եւ գյուղատնտեսության զարգացում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ արդեն քանի տարի խաղողագործները ճանապարհ չեն փակում՝ որպես բողոքի արտահայտում, խաղողը չեն թափում:

Քերոբյանի խոսքով՝ հաշվի առնելով անցած տարվա խիստ ծանր վիճակը կոնյակի ու գինու արտահանման հարցում, այդ երկու կատեգորիաներում ունենք էական անկում: «Կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարևոր է եղել, որ կարողանանք մթերման ամբողջականությունն ապահովել ու չթողնել, որ գյուղատնտեսները լուրջ խնդիրների առջև կանգնեն»,- ասաց նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում