Խորհրդարանում լսումներ կանցկացվեն՝ կապված ուժային կառույցների վիճակի հետ

Խորհրդարանում լսումներ կանցկացվեն՝   կապված ուժային կառույցների վիճակի հետ

Սույն թվականի մարտի 18-ին տեղի ունեցավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ԵԱՀԿ աջակցությամբ ձևավորված ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի առկա նիստը։ Միջոցառմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում բացման խոսքով հանդես եկան Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որոնք իրենց խոսքում հավասարապես կարևորեցին ժողովրդավարական վերահսկողությունը խորհրդարանական կառավարման համատեքստում։ Բավականին հագեցած օրակարգի շրջանակներում ՄԻՊ Արման Թաթոյանը մարդու իրավունքների տեսանկյունից տեղեկատվություն ներկայացրեց սահմանին տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, որից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու զեկուցողին։

Նիստի երկրորդ հատվածում ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը համապարփակ ներկայացրեց 2020 թվականի ընթացքում ոստիկանության կատարած կառուցվածքային բարեփոխումները՝ մասնավորապես նոր, պարեկային ծառայության կազմավորման գործընթացը։ Զեկույցից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հարցեր ուղղեցին փոխոստիկանապետին։

Հանդիպման ավարտին որոշվեց խորհրդարանում անցկացնել լսումներ՝ կապված ուժային կառույցների վիճակի հետ։ Ապրիլ ամսվա ընթացքում կլինի հարթակի հերթական քննարկումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում