ԿԳՄՍ Նախարարի տեղակալն ընդունել է Սիերա Լեոնեի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի գլխավորած պատվիրակությանը (նստավայրը՝ Թեհրան):
Կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության ոլորտում Հայաստանում ներկայում իրականացվող բարեփոխումները՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել մեր երկրի փորձառությամբ: Անդրադառնալով երկու երկրների միջև բարձրագույն կրթության ոլորտում հնարավոր համագործակցությանը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն կարող է իրականացվել միջբուհական կապերի ձևավորման միջոցով՝ հաշվի առնելով երկուստեք հետաքրքրությունները:
Դեսպան Ալի Բադարա Կամարան վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցության զարգացման համար: Դեսպանը նշել է, որ իր երկրում առկա է գրագիտության բարձրացման և բարձրագույն կրթության ոլորտում ինտեգրացիոն կապերի ամրապնդման խնդիր՝ ակնկալելով համագործակցություն հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության ոլորտում երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարծիքներ