Մակրոնը ժամանել Է Կիեւ, որտեղ հանդիպում կունենա Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Կիև Մոսկվայից, որտեղ նախօրեին բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես հաղորդում է «Ուկրաինա-24» հեռուստաալիքը՝ Մակրոնը «Բորիսպոլ» օդանավակայանից մեկնել է Մարինյան պալատ, որտեղ տեղի կունենա նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Սա Ֆրանսիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Ուկրաինա 1998 թվականից ի վեր։ Մակրոնի հետ Կիև է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը բազմիցս արտահայտվել է Դոնբասի հակամարտության ապաէսկալացման և դիվանագիտական լուծման անհրաժեշտության մասին: Մակրոնի խոսքերով՝ իր համար առաջնահերթություն է ճգնաժամից քաղաքական ելք գտնելը։
Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ Կիևում քննարկումների ընթացքում կբարձրացնի Մինսկի համաձայնագրերի կատարման հարցը: Մակրոնը մի քանի անգամ ընդգծել է, որ այդ փաստաթղթի պայմանները պետք է կատարվեն անշեղորեն։ Ընդ որում, առաջընթացի ամրապնդումը պետք է տեղի ունենա նորմանդական ձևաչափի շրջանակներում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ: Նա նաև խոստացել է Ուկրաինայի առաջնորդին հասցնել Մոսկվայի հետ անվտանգության երաշխիքների և Եվրոպայում կայունության ապահովման քննարկման հիմնական կետերը: Ուկրաինացի գործընկերոջ հետ զրույցից հետո Մակրոնը մտադիր է Պուտինի հետ նոր մտքերի փոխանակում անցկացնել հեռախոսով:
Կարծիքներ