ՀՀ ԱԺ փոխնախագահը Մոլդովայի դեսպանի հետ հանդիպմանը կոչ է արել նպատակաուղղված և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վալերիու Քիվերիին:
Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանը:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վալերիու Քիվերիին դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի հայ-մոլդովական հարաբերությունների զարգացմանը:
Խոսելով միջխորհրդարանական համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարեւորել է բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:
Անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններին` ԱԺ փոխնախագահն ընդգծել է Քիշնեւի հայկական երկու եկեղեցիների, կիրակնօրյա դպրոցի եւ Մոլդովայում ապրող եւ ստեղծագործող տասներկու հազարանոց հայ համայնքի առկայությունը:
Հակոբ Արշակյանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին:
«Ցավոք, Լաչինի միջանցքում իրավիճակը մնում է նույնը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս շուտ վերականգնվի: Լաչինի միջանցքի արգելափակումը միջազգային իրավունքի եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է եւ էկզիստենցիալ սպառնալիք Լեռնային Ղարաբաղի հայերի համար»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ հավելել, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինի տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ապրիլի 11-ին սադրանք են իրականացրել եւ կրակ բացել Հայաստանի ԶՈՒ զինծառայողների եւ դիրքերի ուղղությամբ: Նշվել է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների եւ պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ հայ զինծառայողների թվում կա չորս զոհ եւ վեց վիրավոր:
«Ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասն են, որի նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելու միջնորդ գործընկերների ջանքերը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը եւ կոչ արել միջազգային հանրությանը` ներառյալ բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ եւ խաղաղությամբ, նպատակաուղղված եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ եւ կանխել իրավիճակի հետագա սրումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշել է, որ տեղեկացված է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակի մասին:
«Այս պահին աշխարհի ուշադրության առանցքում Ուկրաինան է, սակայն չպետք է անտեսել նաեւ այս տարածաշրջանում առկա իրավիճակը»,- ընդգծել է Վալերիու Քիվերին: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը` նշելով, որ տարբեր ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ:
Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ եւ սերտ համագործակցության կարեւորությանը:
Կարծիքներ