Լոռիում ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք, սառը զենքեր, թմրամիջոց. 52 անձ բերման է ենթարկվել
Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մարզի տարբեր բնակավայրերում պահում կամ կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք բերում, պահում, օգտագործում և իրացնում թմրամիջոցներ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից:
Նշվում է, որ տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկանության և Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները փետրվարի 24-ին խուզարկություններ են կատարել Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում, ինչպես և Գուգարք ու Մարգահովիտ գյուղերում։
«Միջոցառումները արդյունք տվեցին»,- հայտնում են ոստիկանությունից:
Հայտնաբերվել են չորս ատրճանակ, ինքնաշեն ինքնաձիգ, որսորդական հրացան, տարբեր տրամաչափի և հրազենների 126 փամփուշտ, նռնակ, նռնակի պայթուցիչ, սառը զենք, մահակ, պլաստամասե տարաներով վառոդ, մեթադոնի լուծույթ, հոգեներգործուն հաբեր, 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և այլն։ Բացի այդ, հայտնաբերվել են մեքենայի մասեր ու տնտեսական ապրանք, որոնք, ըստ ոստիկանության, նախնական տվյալներով, գողացված են եղել:
«Խուզարկություններից հետո քրեական ոստիկանության, Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն իրականացրին Լոռիում՝ հայտնաբերելով 22 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, սառը զենքեր, մահակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բերման է ենթարկվել 52 անձ»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կարծիքներ