Դանիան երկարաձգել է AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստման ժամանակավոր դադարեցումը
Դանիան երկարաձգել է AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստման ժամանակավոր դադարեցումը երեք շաբաթով, իսկ մինչ այդ կշարունակի գնահատել պատվաստանյութի եւ թրոմբների ձեւավորման հավանական կապը, հաղորդում է AP-ը:
Դանիայի որոշումն ընդունվել է «ենթադրյալ կողմնակի էֆեկտների հիման վրա»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դեղորայքի հարցերով դանիական գործակալության ներկայացուցիչը:
Դանիան ժամանակավոր դադարեցրել էր AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումը այն բանից հետո, երբ 60-ամյա կին է մահացել թրոմբների առաջացումից պատվաստումից հետո մեկ շաբաթ անց:
Դանիայում հաղորդվել է եւս մեկ մարդու մահվան մասին: Դանիայի առողջապահության մարմինները հայտարարում են, որ իրենք դեռ ապացույցներ չունեն, որ հենց պատվաստումն է եղել մահվան պատճառը:
AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումը ժամանակավոր դադարեցրել էին նաեւ եվրոպական այլ երկրներ:
Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության եվրոպական կենտրոնի տվյալներով՝ Դանիայում, որի բնակչությունը կազմում է գրեթե 6 մլն մարդ, ներմուծվել է տարբեր պատվաստանյութերի ավելի քան 1 մլն դեղաչափ: Մոտ 150 000 մարդ արդեն պատվաստվել է AstraZeneca-ի պատվաստանյութով:
Կարծիքներ