Բայդենն ու Իրաքի վարչապետը երկրում ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ պայմանագիր են կնքել
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ավարտելու վերաբերյալ պայմանագիր են կնքել, որի համաձայն` ամերիկյան զորքերը Իրաքում 18 տարվա ներկայությունից հետո դուրս կգան մինչև 2021 թվականի ավարտը, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Երկու երկրների ղեկավարները պայմանագիրը ստորագրել են ԱՄՆ-ի և Իրաքի ռազմավարական երկխոսության շրջանակում կայացած առաջին դեմ առ դեմ հանդիպման ընթացքում։ Բայդենը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իրաքում հասանելի են լինելու, շարունակելու են մարզել և օգնել հաղթահարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առաջացած խնդիրները, սակայն մինչև տարեվերջ կդադարեցնեն երկրում ընթացքող մարտական գործողություններին մասնակցության առաքելությունը։
Ներկա պահին Իրաքում ամերիկացի զինվորների թիվը հասնում է 2500-ի, որոնք կենտրոնացած են ԻՊ-ի մնացորդները վերացնելու վրա։ Ամերիկյան զորքերը Իրաք են ներխուժել 2003 թվականին՝ այն ժամանակվա ղեկավար Սադդամ Հուսեյնի գլխավորած կառավարությանը զանգվածային զենք ունենալու մեղադրանք ներկայացնելով։ Վերջին տարիներին սակայն, ԱՄՆ-ի ռազմական առաքելությունը կենտրոնացել է Իրաքում և Սիրիայում ԻՊ դեմ պայքարում օժանդակություն տրամադրելու, ինչպես նաև իրաքյան ուժերին մարզելու վրա։
«Ոչ ոք չի պատրաստվում հայտարարել առաքելության ավարտի մասին․ նպատակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կայուն ոչնչացումն է», - ասել է Իրաքի վարչապետը։
Հայտնի է, որ Իրաքի ներկայիս վարչապետը Միացյալ Նահանգների բարեկամն է, սակայն, չնայած դրան, վերջերս Սիրիայի սահմանին ԱՄՆ-ի օդային ուժերի գործողությունները քննադատվել են Իրաքի կողմից։
Կարծիքներ