Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը սահմանին և խստորեն պահպանել հրադադարը
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը:
«Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը»,- շեշտել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև, խաղաղ լուծման հասնելու հարցում կողմերին աջակցելու հանձնառությանը և շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերում:
«Միացյալ Նահանգները միանում է առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ վերսկսելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների կոչին և շեշտում է ԵԱՀԿ դիտորդների՝ հանգամանքների նպաստավոր լինելուն պես տարածաշրջան վերադարձի կարևորությունը»,- ընդգծել է Օրթագուսը:
Կարծիքներ