Բորիս Ջոնսոնը BBC-ից պահանջել է, որ 25 տարի առաջ արքայադուստր Դիանայի հետ կատարվածն այլևս երբեք չի կրկնվի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը զանգահարել է BBC հեռուստառադիոկորպորացիա՝ հաստատելու համար, որ 25 տարի առաջ Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի հետ կատարվածն այլևս երբեք չի կրկնվի, փոխանցում է The Guardian-ը:
Դեպքի առնչությամբ Փորթմունք պաշտոնական այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում Ջոնսոնը նշել է, որ մտահոգված է նոր բացահայտումներով:
«Ես միայն կարող եմ պատկերացնել, թե ինչ զգացմունքներ է ունեցել թագավորական ընտանիքը և լիահույս եմ, որ BBC-ն կձեռնարկի ամեն հնարավոր քայլ, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»,- շեշտել է պաշտոնյան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, BBC-ի նախաձեռնած անկախ հետաքննությունը ցույց է տվել, որ լրագրող Մարտին Բաշիրը կեղծ փաստաթղթեր է օգտագործել 1995 թվականին՝ արքայադուստր Դիանայից հարցազրույց «կորզելու» համար:
Հետաքննությունը հաստատել է՝ Բաշիրը Դիանայի եղբորը`Չարլզ Սպենսերին, կեղծ բանկային քաղվածք է ներկայացրել, որի համաձայն՝ Դիանայի գործընկերները վճարել են նրան լրտեսելու համար: Սա լրագրողին թույլ է տվել վստահություն ձեռք բերել Սպենսերի մոտ, որից հետո նա նրան ծանոթացրել է Դիանայի հետ:
Բացի այդ, ըստ հետաքննության տվյալների, պարզվել է, որ Բաշիրը կեղծ փաստաթղթերի մասին ստել է ղեկավարությանը, իսկ երկրի իշխանություններն իրենք են նախընտրել միջադեպը թողնել առանց հետևանքի:
BBC կորպորացիան ներողություն է խնդրել Սպենսերից և թագավորական ընտանիքից: Բաշիրը նույնպես ներողություն է խնդրել, բայց միևնույն ժամանակ նշել է, որ շարունակում է հպարտանալ հարցազրույցով և շեշտել, որ կեղծված փաստաթղթերը չեն ազդել արքայադուստր Դիանայի՝ իրեն հարզազրույց տալու որոշման վրա:
Հիշեցնենք՝ Բաշիրի հետ զրույցում Դիանան առաջին անգամ հայտարարել էր, որ ինքը և արքայազն Չարլզն այլևս միասին չեն: Միևնույն ժամանակ, նա հստակեցրել էր, որ «ամուսնության մեջ իրեք երեք հոգի են եղել»՝ նկատի ունենալով Չարլզի հարաբերությունները Կամիլա Պարկեր-Բոուլզի (արքայազն Չարլզի երկրորդ կինը,- խմբ.) հետ: Հարցազրույցը դիտել է շուրջ 23 միլիոն մարդ:
Նշենք՝ Բաշիրի առնչությամբ BBC-ն ստուգումներ է անցկացրել դեռ 1996 թվականին: Դրանից հետո խախտումներ չեն հայտնաբերվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաշիրն աշխատանքից դուրս է եկել մի քանի օր առաջ: Պաշտոնական վարկածով՝ նման որոշման պատճառը նրա առողջական վիճակն է:
Կարծիքներ