Գյումրու քաղաքապետի մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով. ՆԳՆ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան ոստիկանության պարեկային ծառայությունը հատուկ պահպանվող տարածք չի տեղափոխել: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին մանրամասներ հայտնեց միջադեպից:
«Նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար։
Մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել»,- ասաց նա։
Ավելի վաղ Գյումրու քաղաքապետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտարարություն էր տարածվել, թե պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են քաղաքապետի ծառայողական ավտոմեքենան՝ նշելով, թե այն ունի տեխնիկական խնդիր, և որ մեքենան զրահապատ է, ենթակա չէ շահագործման սահմանված կարգով, ինչի հիման վրա նրանք պահանջել են այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժին։
Կարծիքներ