ՆԳՆ ՓԾ-ում կայացել է ԱՌԿ ռազմավարության իրականացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
ՆԳՆ փրկարար ծառայությունում մարտի 6-ին կայացել է «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության և 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի» իրականացման գործընթացի վերաբերյալ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը նախագահում էր ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Նիստին մասնակցում էին ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի, Պետական ռեզերվների գրասենյակի, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի, «ԱՌՆԱՊ» հիմնադրամի ներկայացուցիչներ և ՓԾ պատասխանատու ծառայողներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերի հետ քննարկել փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների ընթացքը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առկա խնդիրները, մշակել գործողություների կատարման ճանապարհային քարտեզ, սահմանել համապատասխան աշխատակարգեր և կատարման ուղիներ։
Ըստ աղբյուրի՝ Կամո Ցուցուլյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել աղետների ռիսկի կառավարման ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման գործընթացի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին մասնակից լինելու կապակցությամբ։
ՓԾ տնօրենը կարևորել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը, որի նպատակը ռազմավարության առաջընթացի արդյունավետ համակարգելն ու կազմակերպելն է:
«Աղետների ռիսկի կառավարումը հրատապություն և առաջնահերթություն է, որը պահանջում է հետևողական քայլերի իրականացում՝ ուղղված պետության դիմակայունության ամրապնդմանը, վտանգներին դիմագրավմանը, արտակարգ իրավիճակներին արագ ու արդյունավետ արձագանքմանը և հետաղետային վերականգնման կարողությունների ստեղծմանն ու զարգացմանը»,- նշել է Կամո Ցուցուլյանը։
Նշվում է, որ, օրակարգի համաձայն, միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են համապատասխան զեկույցներ աղետների ռիսկի կառավարման ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում իրենց կողմից կատարված և կատարվելիք աշխատանքների վերաբերյալ, վեր են հանել միջոցառումների իրականացման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտներն ու խնդիրները, հանդես եկել դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ դիտարկումներով և առաջարկություններով։
Նիստի ընթացքում առաջ են քաշվել միջգերատեսչական գործողությունների իրականացման համատեղ ծրագրեր, սահմանվել կատարման համապատասխան ժամկետներ: Նշված համատեքստում քննարկվել են հիմնական և այլընտրանքային տարբերակներ, առաջարկություններ ներկայացվել առանձին ուղղություններով ներգրավվել համապատասխան փորձագետներ՝ այդ թվում միջազգային, ովքեր իրենց փորձով, խորհուրդներով և առաջարկներով կարող են բարելավել կատարվելիք աշխատանքների որակը։
ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ ամփոփելով հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները՝ նիստի նախագահը ծրագրի կատարողներին և համակատարողներին հորդորել է հետևողականորեն համատեղ աշխատանքներ իրականացնել ռազմավարությամբ սահմանված բոլոր ուղղություններով, հանձնարարել յուրաքանչյուր ամիս հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքների ընթացքի և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ, ինչը հնարավորություն կընձեռի լուծում տալ գործնականում առաջ եկած խնդիրներին և նախանշված ժամկետներում հասնել առավել տեսանելի արդյունքների։
Կարծիքներ