Վարչապետը դեռ շատ անելիքներ է տեսնում անկախ դատական համակարգ ունենալու գործում

Վարչապետը դեռ շատ անելիքներ է տեսնում անկախ դատական համակարգ ունենալու գործում

  Հայաստանը շատ մեծ արդյունքներ չի գրանցել անկախ դատական համակարգ ունենալու գործում և դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում։

«Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ինստիտուցիոնալ կայացման առումով մենք շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու ոլորտում, ցավոք, չեմ կարող շատ մեծ արդյունքներ ներկայացնել։  Կարող եմ ասել ընդամենը, որ դա ամենակարևոր խնդիրներից է, որ այսօր առերեսվում է Հայաստանը։ Ամենամեծ խնդիրն այն է, որ մենք նաև առաջատար փորձը այդ ոլորտի ուսումնասիրելով տեսնում ենք, որ այնտեղ փորձարկված բանաձևեր չկան։ Մենք տեսնում ենք, որ շատ եվրոպական երկրներում նույն գործընթացներն են տեղի ունենում, երբ կա պայքար և դժվար է տարբերակել, թե ով է ճիշտ և ով սխալ անկախ դատական համակարգի համար մղվող պայքարում։ Դրա համար մենք այս առումով ավելի շատ նախընտրում ենք առաջ գնալ չվնասելու ճանապարհով, որովհետև խոսքը այստեղ մարդկանց ազատությունների և իրավունքների երաշխավորման մեջ է»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը ներկայացրեց նաև քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության ցուցանիշները՝ կապելով դրանք ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և անկախ դատական համակարգի կայացվածության հետ։

 «Հեղափոխությունից առաջ մեր բոլոր քրեակատարողական հիմնարկները գերբեռնված էին։ Այսինքն՝ այնտեղ մենք նույնիսկ ունեինք իրավիճակ, երբ կալանավորված և դատապարտված անձինք քնելու տեղ չունեին և նրանք ստիպված էին լինում հերթով քնել։ Իհարկե, իմ բախտը բերել է, երբ քաղբանտարկյալ եմ եղել, այդպիսի խնդրի հետ չեմ առերեսվել, բայց դա հանրահայտ խնդիր է եղել Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր բանտային բնակչության բեռնվածության առումով Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի մասշտաբներով գրավում է երկրորդ տեղը։ Այսինքն՝ ամենաթերբեռնված երկրների շարքում է և պետք է ասեմ, որ այդ ցուցանիշով զիջում ենք միայն Մոնակոյին։ Մնացած բոլոր երկրների նկատմամբ բանտային բնակչության բեռնվածության առումով մենք շատ լավ դիրքերում ենք։ Սա նույնպես կարևոր ցուցանիշ է»,- ընդգծեց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում