Զոհված զինծառայողների ընտանիքները և հաշմանդամ զինծառայողները հատուցում կստանան
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» հայտնում են.
«Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 24-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝
• 2018 – 2020թթ.-ին տեղի ունեցած 5 դեպքերի մասով՝ երեք զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և երկու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի
• 2015-2016 թթ. տեղի ունեցած 4 դեպքերի մասով՝ 3 զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և մեկ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի
Պայմանագրային զինծառայողներ Զոհրաբ Գևորգի Սիանոսյանի, Արթուր Մարտունի Նալբանդյանի, Հայկազ Բաբկենի Մաթևոսյանի ընտանիքի անդամներին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250.000 ՀՀ դրամ: Իսկ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներ՝ Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանին և Արտակ Վլադիկի Օհանյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 000 ՀՀ դրամ և 150 000 ՀՀ դրամ:
Արթուր Մարտունի Նալբանդյանի ընտանիքին և Արտակ Վլադիկի Օհանյանին լրացուցիչ կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ օրենքով սահմանված կարգով՝ մինչև ավագ երեխայի չափահաս դառնալը:
2015-2016թթ.-ի մասով հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար»:
Կարծիքներ