Գերմանիան Հայաստանի լավագույն գործընկերն է․ Հակոբ Սիմիդյանն ընդունել է Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը

Գերմանիան Հայաստանի լավագույն գործընկերն է․ Հակոբ Սիմիդյանն ընդունել է Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Վերականգնման վարկերի բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից գործընկեր նախարարությունների հետ համատեղ իրականցվող «ECOserve» ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ ոլորտային զարգացմանն աջակցության առումով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության լավագույն գործընկերն է։ Գերմանիայի կառավարության աջակցությամբ շրջակա միջավայրի ոլորտում իրականացվում են ոլորտի զարգացմանն ու կայացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ հարուստ օրակարգով և թիրախային առաջնահերթություններով։

«Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության կայացման ճանապարհով և Կառավարության առաջնահերթությունների մեջ է պետական գերատեսչությունների ինստիտուցիոնալ կայացումը։ Այս համատեքստում բարեփոխումներ են ընթանում նաև շրջակա միջավայրի նախարարությունում․ նախարարության ինստիտուցիոնալ կայացման առումով բոլոր ուղղություններով քայլեր են իրականացվում։ Այս օրակարգում ևս ակնկալում ենք Գերմանիայի կառավարության աջակցությունը»,- նշել է նախարարը և առավել մանրամասն ներկայացրել իրականացվող աշխատանքները։

Նախարարը մասնավորապես անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտում ռազմավարությունների մշակման կարևոր գործընթացին և գործընկերներից ակնկալել գործուն օժանդակություն և մասնակցություն թե՛ դրանց մշակման և թե՛ կյանքի կոչման ընթացքում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը ոչ միայն Գերմանիայի ներքին քաղաքականության առաջնահերթություններից է, այլև՝ միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագրին, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26 միլիոն եվրո, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան», «EU4Sevan» Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության, «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD1) հայ-գերմանական գիտահետազոտական ծրագրերին։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է յուրաքանչյուր ծրագրի մասով ընթացիկ իրավիճակը և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել Կովկասի բնության հիմնադրամի կողմից ավելի քան 10 տարի շարունակ տրամադրվող դրամաշնորհային միջոցներին՝ ուղղված Հայաստանի Հանրապետության բնության պահպանվող տարածքների պահպանության աջակցմանը, «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրին։ Նախարարի տեղակալը ևս կարևորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցությունը և տարբեր ծրագրերի շրջանակում դրական առաջընթաց արձանագրել։

Անդրադարձ է կատարվել նաև սպասվող միջկառավարական բարձրաստիճան բանակցությունների ժամանակ շրջակա միջավայրի վերաբերյալ օրակարգի ներկայացմանը․ կողմերը պատասխանատուներ են նշանակել, ովքեր աշխատանքներ կտանեն այդ ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են հայ-գերմանական համագործակցության շրջանակներում առաջնահերթ դիտարկվող բոլոր ուղղություններով հետագա փոխշահավետ և համապարփակ համագործակցության ապահովման իրենց պատրաստակամությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում