Կալանավորվել է «օրենքով գողը». Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը

Կալանավորվել է «օրենքով գողը». Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 22-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը. «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ամբաստանյալ Ժ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին մասնակիորեն բավարարել էր պաշտպանների բողոքը, ամբաստանյալ Ժ.Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր գրավը՝ 10 մլն դրամի չափով, ինչպես նաև՝ Հայաստանից բացակայելու արգելքը:

Վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը, գտել է, որ որպես խափանման միջոց կիրառված գրավը  և Հայաստանից բացակայելու արգելքը  արդյունավետ միջոց չեն կարող լինել՝ կանխելու ազատության մեջ գտնվող ամբաստանյալի կողմից ոչ  պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարում իրականացրած անձի նկատմամբ կիրառել է անազատության հետ կապված խափանման միջոց:

Ամբաստանյալ Ժ.Բ.-ն մարտի 24-ին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:        

Հետևեք մեզ նաև Տելեգրամում