Նոյեմբերի 13-ից առայսօր 1238 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ են հայտնաբերվել

Նոյեմբերի 13-ից առայսօր 1238 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ են հայտնաբերվել

Հունվարի 17-ին Հադրութ-Ֆիզուլի-Ջաբրայիլ-Որոտան(Կուբաթլու) հատվածում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում 3 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել:

Նրանցից մեկի ինքնությունը հայտնի է՝ Արսեն Մամիկոնյան: Մյուս աճյունները կենթարկվեն ԴՆԹ փորձաքննության:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Հադրութ-ֆիզուլի-Ջաբրայիլ ուղղություններով: Դրանց պատասխանատուներից զատ մասնակցում են նաև զինծառայողների ծնողներ, հարազատներ, տարածքին քաջածանոթ մարդիկ, պատերազմական փորձություններն անցած, ինչպես նաև մարտական գործողություններին մասնակցած անձինք:

Ըստ Թադևոսյանի, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 1238 աճյուն, որոնց թվում կան նաև քաղաքացիական անձիք:

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է նաև 9 ողջ մարդ: Մեկ մարդ հայտնաբերվել է նոյեմբերի 14-ին Շուշիում, ևս 6-ը՝ զինծառայողներ, գտնվել են անտառից, դեկտեմբերի 20-ին, 2 քաղաքացիական անձ էլ հայտնաբերվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից:

Առաջանում են արդյո՞ք խնդիրներ որոնողական աշխատանքների ժամանակ, և չկա՞ անվտանգության խնդիր: ՀԺ-ի հարցին ի պատասխան, Հունան Թադևոսյանն ասաց անվտանգության առումով սկզբում կար անհանգստություն, հիմա սովորական դարձած գործընթացի է նմանվել այդ աշխատանքը: Իսկ որոնողական աշխատանքների ժամանակ առաջացող խնիրները հիմնականում պայմանավորված են միջադեպերով: Եթե հրադադարի ռեժիմի խախտում է լինում, մեկ-երկու օր որոնողական աշխատանքները դադաևրեցվում են:

«Վերջին անգամ 2 օրով դադարեցվեց աշխատանքը Ալիևների ընտանիքի Շուշի կատարած այցի պատճառով: Երկու օր որոնողական աշխատանք չիրականացվեց Հադրութ-Ջաբրայիլ-Ֆիզուլի-Շուշի հատվածներում»,-ասաց Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ այդ օրերին Ադրբեջանի կողմից երկու զինծառայողի աճյուն էր փոխանցվել:

Ինչպես և ովքեր են որոշում, որոնողական աշխատանքի ուղղությունը: Հունան Թադևոսյանն ասաց մասնակից են բոլոր կողմերը:

«Կարմիր Խաչը և ռուսական զորակազմի հրամանատարությունը պայմանավորվում են ադրբեջանական կողմի հետ: Մենք էլ ենք մասնակցում, որոշում ենք ուղղությունները, իրենք տալիս են թույլտվություն և իրականացնում ենք մեր աշխատանքը»,- մանրամասնեց Թադևոսյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում