Նախընտրական ժամանակահատվածում, որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում, ընթացք է տրվել 124 դեպքի

Նախընտրական ժամանակահատվածում, որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում, ընթացք է տրվել 124 դեպքի

ԿԸՀ-ում ասուլիսով է հանդես եկել Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը: Նա ներկայացրել է նախընտրական ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում արձանագրված իրավախախտումների ու պատահարների վերաբերյալ տեղեկություններ: Նշել է, որ հունիսի 20-ին պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրական իրավունքի իրացմանը խոչընոտելու դեպքերը կանխելու համար ձևավորվել է օպերատիվ շտաբ, սահմանված կարգով ընթացք են տրվել խախտումների վերաբերյալ քաղաքացիներից, ոստիկանության ծառայողներից, հանձնաժողովների անդամներից, կուսակցություններից, դաշինքներից, թեկնածուներից, վստահված անձանցից ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկություններին:

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում, մինչև քվեարկության օրը, ՀՀ ոստիկանությունում արձանագրվել է 246 դեպք, որոնցից, որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում, ընթացք է տրվել 124 դեպքի, իսկ 120-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ: 124 դեպքերից 30-ը գրանցվել են Երևանում, մնացածը՝ մարզերում»,-ասել է նա:

Ըստ մարզերի՝ առանձին-առանձին ներկայացրել է գրանցված դեպքերի թիվը:

«Ընտրակաշառք տալու, ստանալու, առաջարկելու, խոստանալու, տրամադրելու 35 դեպք, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու 15 դեպք, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու 16 դեպք, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 2 դեպք, գույքի դիտավորությամբ վնասելու 27 դեպք, որից 25-ը քարոզչական պաստառների վնասման դեպքերն են, խուլիգանությամբ ծեծի կամ սպառնալիքի 15 դեպք, այլ բնույթի դեպքեր՝ 13: Արձանագրված դեպքերից 67-ն ընտրական իրավախախտումներ են, 57-ն ունեն այլ բնույթ»,-նշել է նա:

Ըստ տվյալների՝ 124 դեպքերի առիթով ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ, 2-ով որոշում է կայացվել քրգործի հարուցումը մերժելու մասին, 25-ն ուղարկվել է նախաքննություն, 95 դեպքեով նախապատրաստվում են նյութեր:

Ներկայացրել է նաև այսօրվա տվյալները, ըստ այնմ՝ ժամը 8։00-ից մինչև 12։30-ն արձանագրվել է 21 դեպք, որոնցից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում ընթացք է տրվել 7 դեպքի, 14-ը չեն պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում