ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակից

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակից

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, նամակում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ Ալեն Սիմոնյան, հիանալի է, որ նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինձ համար առանձնահատուկ պատիվ էր ողջունել Ձեզ եւ Ձեր գլխավորած պատվիրակությանը Միացյալ Նահանգների Կապիտոլիումում` հունվարի 19-ին: Մեր հանդիպումը կարեւոր էր ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանում գործադրվող ջանքերը քննարկելու համար»:

Ըստ աղբյուրի՝ ներկայացուցիչների պալատի խոսնակն անդրադարձել է նաեւ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մանրամասներին՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում տարածաշրջանի եւ առհասարակ ամբողջ աշխարհի անվտանգության հարցերի շուրջ ծավալված իրենց երկխոսությունը: Նենսի Փելոսին եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իրեն շնորհված Պատվո շքանշանի համար: Նամակի եզրափակիչ մասում նա շեշտել է շարունակական երկխոսության անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2022-ի հունվարին աշխատանքային այց է կատարել Վաշինգտոն՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում