ՌԴ քաղաքացիներին կողոպտած տղամարդը հայտնաբերվել է
Ապրիլի 16-ին ոստիկանություն զանգած ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ ժամը 17.10-ից 17.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արգիշտիի փողոցում մոտենալով իրեն և ներկայանալով որպես թմրանյութերի վերահսկողության աշխատակից՝ ցույց է տվել անհայտ վկայական և խաբեությամբ իր պայուսակից վերցրել 80 000 դրամ:
Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ապրիլի 26-ին. ժամը 20.45-ին անհայտ անձը Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում մոտենալով ՌԴ մի քաղաքացու՝ ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և, իրացնելով իր ենթադրյալ իրավունքները, խուզարկությամբ նրա գրպաններից փող է վերցրել:
Երկու դեպքով էլ կողոպուտի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ներքին Չարբախի 5-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել և, կողոպուտները կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 36-ամյա մի տղամարդու: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ