Ինչպե՞ս կազմակերպվեց Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, ինչպե՞ս սպանվեց դատախազը. Մարուքյանը՝ իր մասին ռեպորտաժին ի պատասխան
Հայաստանի դիվանագիտական ճակատին իմ միանալը մեկ ԵԽԽՎ-ում ինձ ճանաչող մեր թշնամի երկրի պատվիրակներին է անհանգստացրել, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանին ու իր սատելիտներին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ առավոտյան նկատել է, որ բազմաթիվ նամակներ է ստացել. օգտատերերը գրել են, ասել են, թե Ռոբերտ Քոչարյանին պատկանող 5-րդ ալիքը մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ իր ելույթներից հատվածներ են, դրվագներ իր ու Նիկոլ Փաշինյանի, իր ու Ալեն Սիմոնյանի, իր ու Սասուն Միքայելյանի խորհրդարանական վեճերից, իր խոսքերի կոնտեքստից կտրված հատվածներ:
«Իբրև թե մի ահավոր տեսանյութ, որը սեիդովյան հրճվանքով տարածում են։ Իրենց ռեպորտաժներով, նյութերով ու ֆեյքերով անգամ իմ տուն են մտել»,-գրել է Մարուքյանը՝ հիշեցնելով, որ ինքը թաքցնելու ոչինչ չունի, իր գործունեությունը եղել է մշտապես բաց ու թափանցիկ, բոլորի աչքի առաջ, մարդիկ այդ ամենը տեսել են՝ առանց կոնտեքստից կտրելու և ուղիղ եթերում։
«Ըստ այդմ՝ ցանկանում եմ 5-րդ ալիքին հարցնել կարո՞ղ եք այս թեմաներով էլ ռեպորտաժներ պատրաստել.
- ինչպե՞ս կազմակերպվեց հոկտեմբերի 27-ը, և խորհրդարանում գնդակահարվեցին ժողովրդի կողմից ընտրված՝ երկրի առաջնորդները,
- ինչպե՞ս և ու՞մ հրահանգով Քոչարյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ սպանվեց քաղաքացի Պողոս Պողոսյանը,
- ինչպե՞ս սպանվեց գլխավոր դատախազն իր աշխատասենյակում,
- ինչպե՞ս մինչև 2008-ը սպանվեցին իշխանությանը հակադրվող հայտնի քաղաքական գործիչներ,
- ինչպե՞ս մարտի 1-ին սպանվեցին խաղաղ ցուցարարները Երևանում։
Ավելի բարի թեմաներով ռեպորտաժներ էլ կարող եք պատրաստել: Օրինակ՝ Արևմուտքում ընդունված է հաջողակ անձանց կողմից իրենց հաջողության պատմություններով եթերում կիսվելը։ Առաջարկում եմ ձեր տիրոջ որդիները գան և ուղիղ եթերում պատմեն, թե ինչպե՞ս կարողացան տակավին երիտասարդ տարիքում դառնալ դոլարային միլիոնատերեր։ Մեր երեխաներն էլ կդիտեն և այդ հաջողության պատմությունը կսերտեն։
Թեմաները շատ են, փուլ առ փուլ կառաջարկեմ նոր ռեպորտաժների թեմաներ, եթե իհարկե այս թեմաներով կպատրաստեք։
Վերջում մի բարի ռեպորտաժ էլ առաջարկեմ. ինչպե՞ս կարող է հոգատար պապիկը անել այնպես, որ թոռները ծնվեն Միացյալ Նահանգներում՝ ԱՄՆ անձնագիր ստանալու համար, հետո ինքը մասնակցի Ցեղասպանության տարելիցի ջահերով երթին՝ «ընդդեմ թուրքի, հանուն հայի և Արցախի»:
Այնպես որ կսպասենք ձեր նյութերին այս հետաքրքիր ու բարի թեմաներով, իսկ ես անցնեմ իմ գործերին»,-եզրափակել է Մարուքյանը:
Կարծիքներ