Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում քննարկումները կօգնեն հասկանալ՝ ինչպես ճիշտ պաշտպանել ՀՀ-ի շահերը սփյուռքում. Վիենի փոխքաղաքապետ

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում քննարկումները կօգնեն հասկանալ՝ ինչպես ճիշտ պաշտպանել ՀՀ-ի շահերը սփյուռքում. Վիենի փոխքաղաքապետ

Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի համոզմամբ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում քննարկումները կօգնեն հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի լավ պաշտպանել Հայաստանի շահերը սփյուռքում և ինչպես ավելի լավ ինքնակազմակերպվել սփյուռքում։

«Սա շատ կարևոր առիթ է, որպեսզի մենք տարբեր պետություններից հավաքվելով Հայաստանում՝ միասին քննարկենք, թե ինչպես կարելի է ավելի լավ պաշտպանել Հայաստանի շահերը սփյուռքում և ինչպես ավելի լավ ինքնակազմակերպվել սփյուռքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաքունցը։

Նա նշեց, որ ապրելով Ֆրանսիայում, ունենալով հայկական արմատներ՝ իր առօրյայում փորձում է օգտակար լինել Հայաստանի շահերի պաշտպանությանը։ Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից, սփյուռքը պետք է արագ և ակտիվ աշխատի, որպեսզի Հայաստանի շահերը շարունակվեն պաշտպանվել։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է էլ ավելի կարևորի սփյուռքի դերը։ Սփյուռքը մեծ ներուժ է, որը հնարավոր է էլ ավելի լավ օգտագործել։ Յուրաքանչյուր պետությունում ունենք մեկական դեսպան, 2-3 հյուպատոս, միաժամանակ, ունենք հարյուր հազարավոր փոքր «դեսպաններ»։ Իրենց հետ ճիշտ գործակցելու արդյունքում Հայաստանը կունենա բոլորից տարբերվող արտաքին քաղաքականություն»,- եզրափակեց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում