ՇՄ նախարարությունն ակնկալում է բանկերի աջակցությունը «10 միլիոն ծառ» նախաձեռնության իրականացման գործում
Շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով բնության հանդեպ բնակչության պատասխանատվության բարձրացման հարցը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում, հանդես է գալիս համագործակցության առաջարկով: Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
«Այսօր նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, , ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի ժ/պ Ա․ Եսոյանը հանդիպել են հայաստանյան մեկ տասնյակ բանկերի ներկայացուցիչների հետ։
Նախարարությունը բարձր է գնահատում ու կարևորում պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը, շրջանառու տնտեսության սկզբունքների ներդրմանը, կանաչ աշխատատեղերի ստեղծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Լայնածավալ անտառապատման շնորհիվ հնարավոր կլինի պայքարել կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաև պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը, էկոհամակարգերը և վերականգնել 44-օրյա պատերազմի հետևանքով վնասված անտառային տարածքները:
Յուրաքանչյուրը կարող է նոր կյանք հաղորդել մեր երկրին ու հողին՝ ստանձնելով պատասխանատվություն մեր երեխաների և ապագա սերունդների էկոլոգիապես անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի համար»,- իր ողջույնի խոսքում նշել է նախարարի տեղակալը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկայացվել են 2020-21 թթ․ իրականացված ծառատունկի ամփոփ տվյալները, քննարկվել է ծառատունկի համար նախատեսվող տարածքների ընտրության հարցը։ Նա հիշեցրել է, որ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկումներ կատարելու համար ՀՀ պետական բյուջեից, որպես առանձին միջոցառում, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար չի հատկացվել։
Նախաձեռնությունն իրականացվել է բացառապես դոնոր կազմակերպությունների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների, խնայողությունների, տնկարաններում առկա ծառերի կամ բնական վերաճի արդյունքում դուրս հանված շիվերի միջոցով։
««Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը շեշտել է, որ ծառատունկը համայնքներում լուծում է նաև սոցիալական խնդիր․ ծառատունկի աշխատանքների համար ստեղծվում են ժամանակավոր աշխատատեղեր։
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի ժ/պ Ա․ Եսոյանը ներկայացրել է այժմ ակտիվ ընթացքի մեջ գտնվող բնապահպանական ծրագրերը և կարևորել պետական գերատեսչություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ապահովումը»,- հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ հավելելով, որ կողմերը մտքերի փոխանակման միջոցով ուրվագծել են առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը և պայմանավորվածություն ձեռք բերել մինչև հոկտեմբերի սկիզբ՝ ծառատունկի նոր շրջանի մեկնարկ գործուն քայլեր իրականացնել։
Կարծիքներ