2021-ին առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմել են 1.2 տոկոս. Դավթյան
2021 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 30245 դեպք, նախորդ տարվա տվյալներից 14.3 տոկոսով ավելի է այս ցուցանիշը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Խոսելով հանցագործությունների բացարձակ թվի աճի հիմնական պատճառների մասին՝ Դավթյանը թվարկեց երկուսը.
«Բազմաթիվ նոր, հատկապես ոչ մեծ կամ միջին ծանրության արարքների քրեականացում և հանցագործությունների պաշտոնական գրանցման, բացահայտման աշխատանքների բարելավում»:
Հաշվետու տարում գրանցված հանցագործության 30245 դեպքերի բացարձակ մեծամասնությունը կամ 84.1 տոկոսը կազմում են ոչ մեծ և միջին ծանրության, այսինքն՝ նվազ հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունները:
«Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմել են 1.2 տոկոս, իսկ ծանր հանցագործությունները՝ 14.7 տոկոս»,- ասաց Դավթյանը:
Այս ամենին զուգահեռ 2021 թվականին, Դավթյանի խոսքով, արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ:
«2021 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 57.7 տոկոս՝ նախորդ տարվա 55.7 տոկոսի դիմաց»,- ասաց Դավթյանը:
Կարծիքներ