Արա Այվազյանը մանրամասներ ներկայացրեց Լիտվայի արտգործնախարարի հետ հանդիպումից
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Այս մասին Այվազյանը հայտարարեց Լիտվայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Հատկանշական է, որ պարոն Լանդսբերգիսի այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ: Լիտվան առաջին երկիրն է, որի հետ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Մենք մեծապես կարևորում ենք մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունները բարեկամ Լիտվայի հետ: Այսօր անցկացրած քննարկումների ժամանակ, որոնք նաև շարունակվելու են օրվա ընթացքում` տարբեր ձևաչափերով, համընդգրկուն անդրադարձ կատարեցինք հայ-լիտվական հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին, տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակին»,- ասաց Այվազյանը:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկելու գործնական քայլեր` փոխադարձ հետաքրքրության ոլորտներում հայ-լիտվական երկկողմ համագործակցության առավել ամրապնդման և խթանման համար:
«Կարծում եմ, այդ առումով առկա է բավարար ներուժ: Այս գործընթացում մեծ դերակատարում է վերապահված մեր կողմից ղեկավարվող գերատեսչություններին»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:
Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:
Կարծիքներ