Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է
Հոկտեմբերի լույս 5-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ժամը 5։30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում նկատել են, որ «Օպել» մակնիշի մի ավտոմեքենայի սրահից փողոց են նետել իրեր, այդ թվում՝ ներարկիչ ու դանակ։ Պարեկները «Օպելի» վարորդին և երկու ուղևորին կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը տարածքի զննությամբ հայտնաբերել է փոշենման զանգվածով փաթեթներ, թափանցիկ հեղուկով ներարկիչ, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, ծալովի դանակ և այլն, որոնք փաթեթավորվել են փորձաքննության ուղարկելու համար։ Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ։
Բերման ենթարկված երեք երիտասարդից մեկը ձերբակալվել է։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հարուցված քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ