Թրամփը վիրավորվել է նախընտրական հանրահավաքին տեղի ունեցած մահափորձի հետևանքով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով Թրամփը վիրավորվել է։ Հանրահավաքի առնվազն մեկ մասնակից զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ի երեկոյան, Փենսիլվանիայի նահանգի Բաթլեր քաղաքում։
Թրամփը սոցիալական ցանցերում հայտնել է, որ գնդակը դիպել է իր «աջ ականջի վերին հատվածին»։ Նախկին նախագահի խոսնակը տեղեկացրել է, որ նրա հետ ամեն ինչ լավ է։
Ըստ գաղտնի ծառայությունների՝ հրաձիգը բարձր դիրքից մի քանի կրակոց է արձակել, նախքան գործակալների կողմից սպանվելը։
Իրավապահները CNN-ին հայտնել են, որ նա եղել է շենքի տանիքին՝ հանրահավաքի անցկացման վայրի մոտ։ Միջադեպը հետաքննվում է որպես սպանության փորձ։
Հրաձգությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Դոնալդ Թրամփի հետ և դատապարտել հարձակումը։ Բայդենը նաև հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «երախտապարտ է», որ Թրամփն ապահով է։
Կարծիքներ