ՀՀ-ն ու Ֆինլանդիան պատրաստակամ են ձևավորել առավել հավակնոտ քաղաքական օրակարգ. հանդիպել են ԱԳ նախարարները
Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ:
Ի շարունակություն երկու նախարարների՝ օգոստոսի վերջին կայացած հեռախոսազանգի՝ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնեն առավել մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված առաջնահերթությունների վրա: Այս համատեքստում ընդգծվել է առավել հավակնոտ քաղաքական օրակարգի ձևավորման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը: Նախարար Միրզոյանը գոհունակությամբ է նշել Ֆինլանդիայի ներկայացվածությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության կազմում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:
Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից 9 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ստեղծված հումանիտար ճգնաժամը, 120 հազար բնակչության բոլոր հիմնարար իրավունքների խախտումները:
Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժի վերականգնման հրատապությունը:
Կարևորելով մինչ օրս ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հնչած հասցեական ուղերձները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի դադարեցմանն ուղղված հստակ քայլերի անհրաժեշտությունը:
Կարծիքներ