Դատարանը մերժել է Խաչատուրյան քույրերի գործերը միավորելու միջնորդությունը
Մոսկվայի Բուտիրսկի դատարանը հրաժարվել է միավորել հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի դատական գործերը: Բացի այդ, մերժվել է նաև քույրերից մեկի գործը դատախազություն վերադարձնելու միջնորդությունը, հայտնում է eadaily.com կայքը:
Քույրերից կրտսերի (նա հոր սպանության ժամանակ անմեղսունակ էր ճանաչվել) պաշտպանական թիմը խնդրել է, որպեսզի իրենց պաշտպանյալի գործը քննվի երեք դատավորի կողմից: Դատարանն այս միջնորդությունը բավարարել է: Լսումները կսկսվեն օգոստոսի տասին և կընթանան լրատվամիջոցների և հանրության ներկայացուցիչների համար փակ ռեժիմով, քանի որ գործի նյութերում բազմիցս հիշատակվում են հոր կողմից դուստրերին ծաղրելու և բռնության ենթարկելու մանրամասները:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավագ Խաչատուրյան քույրերը կրտսերի գործի քննության ժամանակ հանդես կգան վկայի կարգավիճակում:
Մարիա, Անգելինա և Կրիստինա Խաչատուրյանները մեղադրվում են նախնական պայմանավորվածությամբ հորը սպանելու համար, սակայն նրանց դատական գործերն իրարից առանձնացվել են, քանի որ քննությունն առաջարկել է նրանցից մեկին՝ Մարիային, հարկադիր բուժման ուղարկել:
Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և շուտով դատարան կուղարկի նախնական պայմանավորվածությամբ հորը սպանելու համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի քրեական գործը:
«Գլխավոր դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական գործով մեղադրանքը: Ստորագրել է գլխավոր դատախազի տեղակալ Գրինը, որը 2019 թվականին գործը վերադարձրել էր` հանձնարարելով քննչական կոմիտեին քույրերի գործողությունները վերաորակավորել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն: Ակնհայտ է, որ այս ընթացքում նրա դիրքորոշման մեջ ինչ-որ բան փոխվել է: Հիմա սպասում ենք, որ գործը դատարան գնա և նախնական դատական նիստեր նշանակվեն»,-պատմել է իրավապաշտպանը:
Նրա խոսքով` գործը Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեին վերադարձնելուց հետո «ի օգուտ քննության դիրքորոշման ոչ մի էական բան չի փոխվել, ճիշտ հակառակը»:
Հիշեցնենք, որ Անգելինա, Կրիստինա և Մարիա Խաչատուրյանները ձերբակալվել են 2018թ. հուլիսին՝ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեղադրանքով: Այս գործով հետաքննությունն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Քննության շրջանակում պարզվել է, որ հայրը տարիներ շարունակ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն է իրագործել դուստրերի նկատմամբ:
Կարծիքներ