ՀԱՊԿ-ի հայտարարությունը կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու, գնալու են գործողությունների. քաղաքագետ
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վերջին հայտարարությամբ, ըստ էության, շարունակում է չճանաչել Հայաստանի ինքնիշխան տարածքը:
«Մի բառով ասած՝ ձեռք առնոցի է, որովհետև 2022-ի սեպտեմբերի 13-ից հետո ենք ՀԱՊԿ-ին դիմել, ու պատասխանը հիմա է գալիս, այն էլ՝ այսպիսի պատասխան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Մկրտչյանը:
Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ այս կառույցը հետապնդում է մի նպատակ՝ Հայաստանին դարձնել անկարողունակ պետություն և ի վերջո քարշ տալ ՌԴ-Բելառուս միութենական պետության կազմ:
Հարցին, թե որո՞նք պետք է լինեն հայկական կողմի հետևություններն ու քայլերը, Մկրտչյանը պատասխանել է՝ առաջին իսկ հնարավորության դեպքում ստորագրել ՀԱՊԿ-ից դուրս գալու դե յուրե հրամանը:
«Եթե մենք մի կառույցում ենք, որը մեր տարածքային ամբողջականությունը այլևս բացահայտ չի պաշտպանում և ՀՀ սահմանները մոտավորապես անգամ չգիտի, սա խայտառակություն է: Պետք է մենք էլ արձագանքենք նմանատիպ հայտարարություններով, առնվազն կասկածի տակ դնենք Բրայանսկի շրջանի ՌԴ-ին պատկանելիությունը՝ Ռ՞Դ է, թե՞ ոչ, չգիտենք, Սանկտ-Պետերբուրգը Ռուսաստա՞ն է, թե՞ ոչ, չգիտենք. ուկրաինական անօդաչուների հարձակումները առնվազն դիտարկենք տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակում: Եկեք ՀԱՊԿ-ին ձեռք առնենք, այնպես, ինչպես նրանք են ձեռք առնում մեզ: ՀԱՊԿ-ին մեր պատասխանը պիտի լինի և՛ քաղաքական, և՛ դրանից բխող իրավական հետևանքներով»,- ասել է նա:
Հարություն Մկրտչյանի կարծիքով՝ ՀԱՊԿ հայտարարությունը նաև կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու առումով, և Ադրբեջանն անպայմանն օգտվելու է սրանից:
Կարծիքներ