Ակնկալում ենք, որ Հայաստանում ՄԻՊ-ի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և հաջողություն մաղթեց հետագա աշխատանքում:
«Ակնկալում ենք, որ ՄԻՊ-ի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա, կօգնի Հայաստանի իշխանության մարմիններին բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կառավարության նիստին մասնակցելու հրավերի համար և նշեց, որ Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը լավագույն ձևով իրականացնելու համար կարևորվում է համագործակցությունը իշխանության բոլոր ճյուղերի, ներառյալ՝ գործադիր օրենսդիր և դատական իշխանության մարմինների հետ:
«Այդ համագործակցությունն ունենալու է այն կարևոր երաշխիքը, որը պատրաստվում եմ պաշտպանի հաստատության ներքո օգտագործել և ծառայեցնել մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության առավել լավ իրավիճակ ստեղծելու գործին»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մի նոր երևույթ է առկա ՀՀ-ում: Առաջին անգամ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի վերջին օրը: Մինչ այդ եղել է 3 պաշտպան, որոնք մանդատի ժամկետը չլրացած հրաժարական են տվել:
Կարծիքներ