ՀՀ դատախազությունը 2021թ.-ին նախաձեռնություններ է ցուցաբերել նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում

ՀՀ դատախազությունը 2021թ.-ին նախաձեռնություններ է ցուցաբերել նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում

ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում նաև պետական ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2021թ. – ին ուսումնասիրության առարկա է դարձրել կրթություն ստացող և ուսումնական hաստատություններ հաճախող անձանց, անվտանգության ապահովման հարցերը:

ՀՀ ուսումնական հաստատություններում՝ մասնավորապես նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում կրթություն են ստանում (հաճախում են) փոքրահասակները կամ երեխաները և բազմաթիվ երեխաների միաժամանակ գտնվելը միևնույն վայրում՝ (շինությունում կամ կառույցում) առաջ է բերում անվտանգության բարձր միջոցների կիրառման և ապահովման խիստ անհրաժեշտություն:

Հաշվի առնելով վերոհիշյալ հարցերի բացառիկ կարևորությունը՝ հաղորդում է ներկայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ առաջարկելով քննարկել ՀՀ ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական) կրթություն ստացող և հաճախող անձանց, այդ թվում երեխաների անվտանգության ապահովման գործուն և ապահով միջոցներ կիրառելու, ուսումնական հաստատությունները համապատասխան անվտանգության համակարգերով (շտապ իրազեկման, տեսահսկման, իրավապահ մարմինների շրջագայության, կամ հերթապահության, կամ այլ միջոցներով) ապահովելու հարցերը, անհրաժեշտության դեպքում նախաձեռնել օրենսդրական կարգավորման գործընթաց՝ համագործակցելով այլ մարմինների հետ:

Նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ ՀՀ ԿԳՄՍ կողմից շրջաբերականներ են ուղարկվել նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին, ինչպես նաև՝ ՀՀ մարզեր և Երևանի քաղաքապետարան, առկա իրավիճակը հանգամանալից ներկայացնելու, դրանից բխող անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, արդյունքները նաև ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու նպատակով:

Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումանսիրել է հոսանքահարման, դրանց հետևանքով մարդկանց, այդ թվում նաև երեխաների մահվան ընդհանուր իրավիճակը՝ դրանց նպաստած պայմանների և պատճառների վերհանման նպատարով:

Այս ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ հաղորդում է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որով բարձրացվել են բնակավայրերում, հանրային մարդաշատ վայրերում, հատկապես երեխաների կուտակման վայրերում (ուսումնական, մարզական, խաղային և այլն), ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման, սպառման սարքավորումների շահագործման ընթացքում անվտանգության գործուն միջոցներ կիրառելու, անվտանգության համակարգերով (հսկման, իրազեկման, հասանելիության սահմանափակման, հատուկ նշագրման կամ այլ միջոցներով) ապահովելու խնդիրները:

Նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ հաղորդման մեջ նշված հանգամանքների ուսումնասիրման նպատակով մի քանի իրավասու պետական մարմինների, նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնագետների ներգրավմամբ ստեղծվում է աշխատանքային խումբ:

Ուսումնասիրվել է նաև 2019-2020թթ. ընթացքում տեղի ունեցած և գրանցված հրդեհների և հակահրդհային անվտանգության սահմանված կանոնների, դրանց նկատմամբ հսկողության կառուցակարգերի արդյունավետության ոլորտը: Արդյունքում, հաշվի առնելով տեղի ունեցած հրդեհների մտահոգիչ քանակը, ինչպես նաև ուսումնասիրությամբ պարզված խնդիրները, գլխավոր դատախազության կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ ակտիվացնելու հրդեհների կանխարգելման ուղղությամբ ջանքերը հակահրդեհային քարոզչության, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության խստացման, հրդեհների առաջացման հավանականությունը նվազեցնող կազմակերպատեխնիկական միջոցառումների ուղղությամբ:

Բարձրացվել է նաև մարդկանց կուտակման վայրերում (կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, հանրային տրանսպորտ, առևտրի, բնակչության սպասարկման, ժամանցի օբյեկտներ), ինչպես նաև արդյունաբերական, էներգամատակարարման օբյեկտներում, վառելիքաքսուկային նյութերի պահեստարաններում աշխատակիցների հրդեհային անվտանգության հրահանգավորման պահանջների կատարման, հրդեհի դեպքում մարդկանց տարհանման ուղիների պլանների մշակվածության և տեսանելի վայրերում տեղադրված լինելու վիճակի մանրամասն ստուգում իրականացնելու և առկա թերությունները վերացնելու հարցը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ ճշգրտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 29 անտառտնտեսությունների և հատուկ պահպանվող տարածքների հրդեհների արձագանքման պլանները, մարզպետարաններին առաջարկվել է ՏԻՄ-երի հետ աշխատանքներ տանել, որպեսզի պատրաստականության վիճակի բերվեն հրդեհների դեմ պայքարի համար նախատեված ուժերն ու միջոցները, գործուն միջոցներ ձեռնարկվեն միջպետական, անտառամերձ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու համար: Բացի այդ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ տարվել են աշխատանքներ նոր հրշեջ հիդրանտների տեղադրման, անսարքների վերանորոգման, ասֆալտապատման հետևանքով գետնի տակ մնաած հիդրանտների վերագործարկման և այլնի ուղղությամբ, իսկ իրավասու մարմիններին առաջարկվել է իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել խնդրի լուծմանը: Բարձր ջերմաստիճանի եղանակային պայմաններում հրշեջ-փրկարարական ջոկատները նաև իրականացնում են ուժեղացված ծառայություն, միջոցներ են ձեռնարկվում անտառային գոտիներ շրջայցեր իրաանացնելու, անօդաչու թռչող սարքերով պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում