Միրզոյանը բարձր է գնահատել Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին: ԱԳ նախարար Միրզոյանը Հնդկաստանի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակին: Այդ առնչությամբ նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանն ուղղված շարունակական աջակցությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը, քաղաքական երկխոսության ու փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացումը: Որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացվել են առևտրատնտեսական, տրանսպորտի և հաղորդակցության, ՏՏ, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտները: Տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք օգտագործման առումով կարևորվել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նշանակալի դերը:
«Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:
Անդրադառնալով բազմակողմ հարթակներում երկրների համագործակցությանը՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության շարունակականությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Հնդկաստանի՝ 2021-2022 թվականների համար ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալու փաստը՝ միջազգային անվտանգության ամրապնդման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հայկական կողմը նաև շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը առողջապահության ոլորտում շարունակաբար ցուցաբերվող օգնության համար:
Կարծիքներ