Ֆրանսիան ողջունում է 15 հայ գերիների ազատումը
Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատումը՝ ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու դիմաց: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը: Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից գերևարված 15 ՀՀ քաղաքացիների ազատումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը»,- ասված է հայտարարությունում:
Ֆրանսիայի կարծիքով, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, այս փոխանակումը, ինչպես նախորդը, որը տեղի ունեցավ հունիսի 11-ին, կարևոր քայլ է կողմերի միջև լարվածության նվազեցման և վստահության վերականգնման ուղղությամբ:
«Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ վերականգնել բովանդակալից երկխոսությունը և ազատել բոլոր հայ գերիներին»,- նշվում է հայտարարության մեջ:
Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել այս դրական դինամիկան և վերահաստատում է իր պատրաստակամությունը` նպաստելու Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը։
Կարծիքներ