Հայաստանն էական առաջընթաց է գրանցել Կոռուպցիայի ընկալման համաթվում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնում է, որ Հայաստանն էական առաջընթաց է գրանցել Կոռուպցիայի ընկալման համաթվում: ՀՀ արդարադատության նախարարն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2020 թվականի արդյունքները:
Հայաստանը շարունակում է զգալիորեն աճ գրանցել՝ այս տարի ևս 7 միավորով բարելավելով նախորդ տարվա արդյունքը:
Այսպես, ունենալով 49 միավոր՝ Հայաստանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը (2019 թվականին՝ 77-րդ հորիզոնական, 2018 թվականին՝ 105):
ԹԻ-ն նշում է, որ 49 միավորով Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է, որը 15 միավորով բարելավել է արդյունքը 2012 թվականից ի վեր։
Հայաստանը որդեգրել է բարեփոխումներ իրականացնելու աստիճանական մոտեցում՝ հանգեցնելով հակակոռուպցիոն կայուն և դրական բարեփոխումների։ Միաժամանակ, ԹԻ նշմամբ դատական համակարգում առկա խնդիրները դեռևս շարունակում են մարտահրավեր լինել կոռուպցիայի դեմ պայքարում լիարժեք հաջողելու համար։
Հիշեցնեմ, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են այն առումով, որ գնահատում է պետության իրականացրած քայլերի վերաբերյալ քաղաքացիների ընկալումը։
Վստահ եմ՝ հակակոռուպցիոն հետևողական ու իրական բարեփոխումները, դատաիրավական համակարգի բարեփոխումները կնպաստեն նաև մեր զինված ուժերի հզորացմանը:
Շնորհավոր Հայոց բանակի օրը...
Փառք ու պատիվ հայրենիքի մեր պաշտպաններին...
Խոնարհումս իրենց կյանքը մեր հայրենիքին նվիրած հայորդիների հիշատակին»,- գրել է Բադասյանը:
Կարծիքներ