ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած առաջին  երկխոսությունը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը ի պատասխան, թե որն է հայ-թուրքական ընթացիկ երկխոսության հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը:

«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ից հանդիպման վերաբերյալ հայտնել են, որ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։