Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից բացի՝ պատվաստվել է ևս 15 հոգի․ Գայանե Սահակյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից բացի՝ պատվաստվել է ևս 15 հոգի․ Գայանե Սահակյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից բացի՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է նաև ևս 15 հոգի, այդ թվում՝ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սահակյանը։

Ըստ նրա՝ Հայաստանին որպես օգնություն տրամադրվել է «Սպուտնիկ V»  պատվաստանյութ 15 հոգու համար։ Պատվաստումից հետո որևէ անհաջող դեպք չի գրանցվել։ «Բոլորի մոտ հետպատվաստումային որևէ անբարեհաջող դեպք չի գրանցվել, նույնիսկ հաճախ խոսվող ռեակցիան, որ ներարկման տեղում կարող է առաջանալ ցավ, կարմրություն, չի եղել»,- ասաց նա։

Սահակյանը նշեց, որ պատվաստանյութը հիմնականում 100 տոկոսով կանխում է մահացությունը և ծանր կլինիկական դրսևորումը, իսկ հիվանդությունից մարդը 94 տոկոսով պաշտպանված է։ ««Սպուտնիկ V» կլինիկական փորձարկումները մեր ձեռքի տակ են, և ընդհանուր արդյունավետությունը առաջին դեղաչափից հետո գնահատվել է 91․4 տոկոս, իսկ երկրորդ դեղաչափից հետո հասնում է մինչև 94 տոկոսի, այսինքն՝ ընդհանուր կանխարգելիչ որպես մարդուն պաշտպանվելու հատկանիշ 94 տոկոս է»,- ընդգծեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատվաստանյութը ստանալուց հետո հակամարմինների թեստ է արվել։ 

«Պատվաստանյութ ստանալուց հետո հակամարմինների թեստավորման համար պետք են հատուկ թեստեր՝ որոշելու համար չեզոքացման հակամարմինները, սակայն այս պահին այդպիսի թեստեր չեն արվում և ընդհանուր առմամբ խորհուրդ չի տրվում»,- պարզաբանեց Գայանե Սահակյանը։

Հավելենք, որ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին որպես նվիրատվություն տրվել էին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Առաջինը պատվաստվել էր առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը՝ նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում