Արցախում 100.000 բնակիչ զրկված է գազամատակարարումից, Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ վնասված խողովակաշարին. Բեգլարյան

Արցախում 100.000 բնակիչ զրկված է գազամատակարարումից, Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ վնասված խողովակաշարին. Բեգլարյան

Արդեն հինգերորդ օրն է, ինչ Արցախի շուրջ 100.000 բնակիչ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջովին զրկված են գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից: Արցախում ձյուն է տեղում՝ իսկ ջերմաստիճանը 0 և մինուս ցելսիուս է:

Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Եվ այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն: Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո:

Դրան զուգահեռ շարունակվում են քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակոցները մեծ ու փոքր տրամաչափի զենքերից, ինչպես նաև խոչընդոտները գյուղատնտեսական աշխատանքների կատարման հանդեպ:

Հետևությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր հանցագործությունը մարդկության դեմ և հայաթափել Արցախը, սակայն մենք ամուր ենք կանգնած մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում