Եղբայրները ձերբակալվել են ավազակային հարձակում կատարելու կասկածանքով
Հունիսի 13-ին 32-ամյա տղամարդը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ գիշերը, իրեն անծանոթ 2 անձինք նստել են իր կողմից վարվող տաքսի ավտոմեքենան և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին քաղաք։ Հասնելով նշված վայր՝ ուղևորներն իր կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու սպանության սպառնալիքներ տալով` վերցրել են իր մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ովքեր 35 և 32-ամյա եղբայրներ են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Վերջիններս ձերբակալվել են:
32-ամյա տաքսու վարորդը ճանաչվել է տուժող:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ