ԿԳՄՍՆ-ն քննարկում է նախադպրոցական հաստատությունների գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման կարգը։ Նախարարությունը տեղեկացնում է, որ նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել ոլորտում պետական միասնական քաղաքականությունը և մրցակցային պայմանները՝ ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացման առումով, ձևավորել հաշվետվողականության մեխանիզմների առավել արդյունավետ համակարգ, բարելավել նախադպրոցական կրթության որակն ու արդյունավետությունը, նպաստել ուսումնական հաստատությունների գործունեության թափանցիկությանը:
Բացի այդ, նախագծով նախատեսվում է կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատում, նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջներին սաների համապատասխանության, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքների, կրթական ծրագրերի իրականացման, դասավանդման մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության, ինչպես նաև հաստատության զարգացման ծրագրերի մշակման և իրականացման գնահատում։ Ներքին և արտաքին գնահատման գործընթացում նախատեսվում է ներգրավել նաև հասարակությանը։ Կապահովվի նաև շահառուների` սաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), հաստատության մանկավարժական աշխատողների, նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի քաղաքապետարանի, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության աստիճանի բարձրացումը:
Համաձայն նախագծի՝ ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, իսկ արտաքին գնահատումը կատարվում է ԿԳՄՍ նախարարության սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա` «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպությունը: Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացնում է տվյալ ուսումնական հաստատության ընտրած գնահատողը:
Արտաքին գնահատման դրական արդյունքների հիման վրա գնահատող կազմակերպությունն ուսումնական հաստատությանը տալիս է հավաստագիր, որն ուժի մեջ է հինգ տարի: Հավաստագրի մեջ նշվում է գնահատման (վարկանիշային) միավորը: Արտաքին գնահատման արդյունքների հիման վրա նախարարությունը հրապարակում է արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը: Ներքին և արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության սահմանած հարցաշարերի հիման վրա, որոնք ներառում են սահմանված չափանիշները, ինչպես նաև գնահատման միավորները:
Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ըստ ոլորտի վերլուծության դինամիկայի՝ նախադպրոցական կրթության պահանջարկն աստիճանաբար ավելանում է: Մասնավորապես, զարգանում են նախադպրոցական կրթության իրականացման տարբերակված ձևեր և մոդելներ, ինչպես ավանդական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այնպես էլ կրթական գործունեության լիցենզիա ունեցող տարբեր կազմակերպաիրավական հաստատությունների բազայի հիման վրա: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նախադպրոցական ծրագրեր իրացնող հաստատությունների գործունեության վերլուծության և գնահատման մեխանիզմներ, համապատասխան չափորոշիչներ և կանոնակարգել գնահատման ընդհանուր սկզբունքներն ու կանոնները՝ հիմքում ընդունելով նախադպրոցական կրթության ընդհանուր քաղաքականությունը։
Նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիները և շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ մինչև նոյեմբերի 23-ը:
Կարծիքներ