Ասում են՝ ես չեմ ուզում հարկ վճարել, բա Մարտունու նոր ԲԿ-ն Էդ ո՞ւմ է սպասարկելու․ վարչապետը՝ «խոպանչիներին»

Ասում են՝ ես չեմ ուզում հարկ վճարել, բա Մարտունու նոր ԲԿ-ն Էդ ո՞ւմ է սպասարկելու․ վարչապետը՝ «խոպանչիներին»

Արտագնա աշխատանքի մեկնած և վերադարձած մեր հայրենակիցները պետք է նկատեն, որ ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ:

Այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների հարկմանը։

«2018թ.-ից մինչև այսօր Գեղարքունիքում 452 կմ ճանապարհ է կառուցվել: Ընդհանուր առմամբ, Գեղարքունիքի մարզում 189 միլիոն դոլարի ներդրում է կատարվել: Ոչ մի տրամաբանություն չկա, որ որևէ մեկն ասում է՝ ես չեմ ուզում հարկ վճարել։ Մարտունու նոր ԲԿ-ն Էդ ո՞ւմ է սպասարկելու»,- Գեղարքունիքի մարզում կատարված ծրագրերը թվարկեց վարչապետը։

Ներկայացնելով մարզում կատարված աշխատանքները, նա նկատեց․ ««Закон подлости», վճռական պահին երկար տողեր եկան» և շարունակեց ընթերցել ծրագրերը ցանկը, որն իրականացվել են մարզում։

Արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ շեշտեց, որ այս փուլում նրանց չեն հարկի, այլ՝ փուլային տարբերակով կգնան հարկման ներդրմանը։

«Գնում ենք այն ճանապարհով, որ բոլորը վճարեն եկամտային հարկերը, ուղղակի այդ դեպքում ստացվում է այնպես, որ չգրանցվածի վերաբերյալ տեղեկություններ չենք ստացել, իսկ գրանցվածի  վերաբերյալ ստացել ենք, բացի այդ, քանի որ երբևէ նման հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել ու եկամտային հարկ չի վճարվել, այդ դեպքում որոշակի տույժեր են հաշվարկվել:

Կարծում ենք՝ մենք կարող ենք որոշակի օրենսդրական փոփոխություններով մեղմել ու վերացնել այս ազդեցություններն ու գնանք փուլային տարբերակով հայտարարագրման համակարգի սահուն ներդրմանը»,- պարզաբանեց նա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում