Ադրբեջանի արձագանքը համաչափ չէ․ Ժոզեպ Բորելը՝ ադրբեջանական ագրեսիայի մասին
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բորելը նախ հիշեցրել է փետրվարի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական զինված ուժերի արձակած կրակոցի հետևանքով զինծառայող է վիրավորվել, ապա շեշտել, որ Ադրբեջանի արձագանքը համաչափ չէ։
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հակառակորդ ուժերի միջև հեռավորություն սահմանելու անհրաժեշտությունն ու հրատապությունը։ Սա այն է, ինչ երկար ժամանակ պահանջում է Եվրամիությունը։ Ես վերահաստատում եմ Եվրոպական Միության լիակատար և ամբողջական հանձնառությունը՝աջակցելու կայուն խաղաղությանը ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա»,-ասել է Բորելը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 12-ին հայտարարել էր, թե հայկական զինված ուժերի արձակած կրակոցից Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող է վիրավորվել։ Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ հետաքննում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը։ Փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ժամ կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանն ունի 4 զոհ։
Կարծիքներ