ՀՅԴ-ի «շրջաբերական004»-ը լակմուսի թուղթ է առանձին լրատվականների ընդհանուր քաղաքականությունն ընկալելու համար․ Ալեքսանյան
«ՀՅԴ-ի «շրջաբերական004»-ը լակմուսի թուղթ է առանձին լրատվականների ընդհանուր քաղաքականությունն ընկալելու համար։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով.
«Այն, որ խորհրդարանական ընդդիմության «տանիքի տակ» աշխատող լրատվականները չէին լուսաբանելու ՀՅԴ-ի կողմից Հայաստանի անկախություն Ռուսաստանին զիջելու պատրաստակամությունն ապահովող փաստաթուղթը՝ պարզից էլ պարզ էր։
Բայց որ դա չէին լուսաբանելու նաև քաղաքական դաշտում չեզոք կամ չեզոքին մոտ համբավ ունեցող լրատվականները, որոնք նաև հաճախ ընկալվում են որպես արևմտյան արժեքների ջահակիր, դա մի ուրիշ ուսումնասիրության է արժանի։
Կան լրատվականներ, որոնք պատրաստ են քրքրել «Քաղաքացիական պայմանագրի» բոլոր հնարավոր հաշվետվությունները, մեկ կամ երկու տեխնիկական սխալի մասին 57 հատ ռեպորտաժ պատրաստել, ու դա շատ լավ է, մամուլը կոչված է քաղաքական կուսակցությունների թերացումները գտնել, հանրության դատին ներկայացնել հնարավոր ամեն ճշմարտություն, բայց կներեք, երբ դրան զուգահեռ հրապարակվում է փաստաթուղթ, որում խորհրդարանի երկրորդ ուժը պատրաստակամություն է հայտնում մեր պետության անկախությունը այլ պետության զիջելու, արդյո՞ք ձեր քար լռությունը չի վկայում այն մասին, որ դուք վերոնշյալ առաջին խմբի լրատվականների հետ առնվազն որոշ ընդհանրություններ ունեք, և որ գոնե այդքան էլ անկեղծ չեք ձեր չեզոքության ու հայտարարած արժեքների մասով։
Սիրելի քաղաքացիներ, դուք իրավունք ունեք իմանալու թե ի՞նչ քաղաքական ուղեգիծ ունեն ձեզ ինֆորմացիա տվող լրատվականները, ի՞նչ աստիճանի կողմնապահություն ունեն և ամենակարևորը՝ դեպի ո՞ր կողմ»:
Կարծիքներ