Ոստիկանները Երևանում և Աբովյանում ավտոմեքենայի գողության դեպքեր են բացահայտել

Ոստիկանները Երևանում և Աբովյանում ավտոմեքենայի գողության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 27-ին, ժամը 00.50-ին զանգահարած երիտասարդը հայտնել է, որ գողացել են Երևանի Մուրացանի փողոցում կայանած իր «Հունդաի» մակնիշի մեքենան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մեքենան փախցրել է սարիթաղցի 50-ամյա տղամարդը՝ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից:

«Հոկտեմբերի 27-ի կեսգիշերին Լենինգրադյան փողոցում մեքենան հայտնաբերվել և կանգնեցվել է: 50-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 0,86 գրամ դեղնականաչավուն զանգված:

Նախապատրաստված նյութերը և մեքենան փախցրած տղամարդը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 00.30-ից 05.30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի բանկի մոտից գողացել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 26-ին Գեղաշեն գյուղի 30-ամյա բնակիչը, «ՎԱԶ-2107»-ով հանդերձ, ներկայացել է Կոտայքի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Քրեական վարույթը շարունակվում է»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում