ՀՀ ՊԵԿ նախագահը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները
Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։
Հանդիպման ընթացքում կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցմանն ու արդիականացմանը, ինչպես նաև Մեղրի-Նորդուզ անցակետերի միջև տրանսպորտային հոսքերի բարելավմանը միտված աշխատանքները։
Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից:
Ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը, որը պայմանավորված է տարեցտարի տվյալ անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի աճով։ Մեղրիի անցման կետի արդիականացումը կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և կխթանի վերջինով տարանցիկ փոխադրումները:
Կարծիքներ