Բացահայտվել է Փարաքարում մեքենայի կանխամտածված պայթեցումը և դրա հետևանքով Վարազդատ Բարոյանի սպանությունը

Բացահայտվել է Փարաքարում մեքենայի կանխամտածված պայթեցումը և դրա հետևանքով Վարազդատ Բարոյանի սպանությունը

Պարզվել է հունիսի 23-ին Փարաքար համայնքում մեքենայի պայթեցման և դրա հետևանքով Վարազդատ Բարոյանի սպանության դեպքը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հայտնի է ոչ միայն սպանությունը կատարողի, այլև հանցագործության կատարմանն օժանդակած անձանց ինքնությունը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Հունիսի 23-ին՝ ժամը 11:30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարութան «911» ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Գետափի փողոցում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում:

Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանություն: Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրի ճանապարհին էր, երբ բաժնում հաղորդում ստացվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնից. Էջմիածնի շտապօգնությունն իրենց մոտ էր տեղափոխել մեքենայի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած տղամարդու` Փարաքարի բնակիչ, 36-ամյա Վարազդատ Բարոյանին, որը մահացել է:

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ համագործակցեցին։ Փոխլրացնող ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում նրանք հաջողության հասան։

Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների, Վաղարշապատի բաժնի, ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Վարազդատ Բարոյանի մեքենայի տակ հեռակառավարվող պայթուցիկ սարք էր տեղադրվել։

Պարզվեց նաև ոչ միայն սպանությունը կատարողի, այլև հանցագործության կատարմանն օժանդակած անձանց ինքնությունը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում