Կառավարությունն առաջարկում է վավերացնել ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխմանն առնչվող համաձայնագիրը

Կառավարությունն առաջարկում է վավերացնել ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխմանն առնչվող համաձայնագիրը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

 Նախագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

«Համաձայնագրի վավերացումը թույլ կտա ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և կնպաստի միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է դրա մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովում մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, աջակցություն մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերմանը և կանխարգելմանը, ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի և հաշվառման համակարգի ներդրում, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումը և պահպանումը»,- ասաց Վարդանյանը:

 «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունիսի 7-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում