Մենք եկել ենք շնորհավորելու ձեզ, որովհետև հաղթանակը ձերն է. Մխիթար Հայրապետյանը՝ հրապարակում հավաքվածներին

Մենք եկել ենք շնորհավորելու ձեզ, որովհետև հաղթանակը ձերն է. Մխիթար Հայրապետյանը՝ հրապարակում հավաքվածներին

Մենք եկել ենք շնորհավորելու ձեզ, որովհետև երեկվա հաղթանակը ձերն է, և սա ասում եմ առանց ավելորդ պոպուլիզմի: Շնորհակալ եմ հայ մարդ, շնորհակալ եմ հայ ժողովուրդ: Այս մասին այսօրվա հանրահավաքի ընթացքում ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը:

«Դուք կտրել եք յոթգլխանի վիշապի գլուխը, և դրանով ավարտել եք վիշապների էջը Հայաստանում: Կեցցեք, հպարտանում եմ ձեզնով»,- ասաց Հայրապետյանը:

Մխիթարյանը բեմից հրապարակում հավաքվածներին ներկայացրեց հին հունական դիցաբանության արդարադատության դիցուհի Ֆեմիդայի արձանիկը:

«Ես ուզում եմ ցույց տալ աջ ձեռքի սուրը, որը խորհրդանշում է պատասխանատվություն, օրենքի դիկտատուրա և հետևաբար, նաև պատիժ հանցանքի ու հանցավորության համար: 2018 թ. հեղափոխության տրամաբանությամբ դուք մեզ տվեցիք հնարավորություն՝ լինել հավասար բոլորի հետ, լինել անաչառ բոլորի հետ մեր ամենօրյա աշխատանքում: Եվ երեկ արդեն դուք վարչապետին տվեցիք այս սուրը՝ նաև իրականացնելու արդարադատություն, օրենքի ողջ խստությամբ լինել անհանդուժող հանցանքի, մեղքի և հանցագործության նկատմամբ: Եվ ես ասում եմ, որ մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը, գիտակցում ենք այն, ինչ ասել ենք այս բեմից նախընտրական շրջանում»,- հավելեց Հայրապետյանը:

«Հարգելի՛ ժողովուրդ, մենք, հաճախ խոսելով մեր ձեռքբերումների մասին, ակամայից խոսում ենք անցյալից: Մեզ հակադարձում են ու ասում՝ ինչո՞ւ եք ձեր ձեռքբերումներն արժևորելիս խոսում անցյալից, հներից, բայց մեզ ճիշտ հասկացեք, հարկավոր է ինչ-որ բան համեմատել կատարված այն աշխատանքի հետ, որ վերջին տարիների ընթացքում կատարել ենք»,- ասաց Հայրապետյանը:

Հայրապետյանը նշեց, որ իրենք պատրաստվում են կրթության և գիտության ոլորտում իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք ենթադրում են սեփական իրավունքները քաջ գիտակցող հասարակություն:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում