Ուկրաինայում մարտական գործողություններն անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անվտանգության համար. Ստոլտենբերգ
Ուկրաինայում մարտական գործողություններն անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անվտանգության համար, իսկ Կիևին զենքի մատակարարումները ներդրում են դաշինքի երկրների սեփական անվտանգության բնագավառում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի պլանային հանդիպման շրջանակներում։
«Այն, ինչ դուք անում եք, շատ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անվտանգության համար: Ուկրաինային աջակցելը բարեգործություն չէ, դա ներդրում է ՆԱՏՕ-ի երկրների սեփական անվտանգության բնագավառում», - ասել է Ստոլտենբերգը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ միասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա վերահաստատել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային զենք մատակարարել դաշինքի բոլոր երկրների համար պլանային պարտադիր հիմունքներով՝ ի տարբերություն ներկայում գործող կամավոր փոխանցման:
«Երեկ մենք (խմբ.՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները) քննարկեցինք, թե ինչպես ստեղծենք ավելի ուժեղ ինստիտուցիոնալացված կառույց՝ Ուկրաինայի անվտանգության ապահովման նպատակով: Ուկրաինային տրամադրվող ամբողջ ռազմական օգնության 99 %-ը ստացվում է ՆԱՏՕ-ի երկրներից, բայց անհրաժեշտ է երաշխավորել, որ այդ բոլորը կանխատեսելիորեն և արդարացիորեն բաշխված լինի դաշինքի պետությունների միջև, - ասել նա: - Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան պետք է ավելի քիչ չափով կախված լինի զենքի կամավոր մատակարարումներից և ավելի շատ ստանա ՆԱՏՕ-ի կայուն պարտավորությունների շրջանակներում»:
Իր հերթին, Կուլեբան ասել է, որ որպես առաջնահերթություն, ՆԱՏՕ-ից կխնդրի նոր ամերիկյան Patriot համակարգեր, որոնք, ըստ նրա, «շատ անհրաժեշտ են»:
Կարծիքներ